Դավիթ Առուշանյան

7 Օգոստոսի, 2021 by admin
davit1-1.jpg
Պատմեմ ձեզ Երևանում ծնված ու մեծացած մի հայորդու մասին, ով այնքան սիրեց Արցախը, որ 20 տարեկանից որպես սպա ծառայության անցավ Արցախում և մինչև վերջին շունչը պաշտպանեց հող հայրենին։ Մայոր Դավիթ Առուշանյան։ Մայիսի 24-ից՝ Արցախի հերոս Դավիթ Նիկոլայի Առուշանյան։ Նրա հերոսական պատմության մասին պատերազմի օրերին լսել եք բոլորդ։ Հակիրճ ներկայացնեմ, իսկ առավել մանրամասն՝ ռեպորտաժում։ (կտեղադրեմ մեկնաբանություններում)։ Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Առուշանյանը պատերազմի առաջին օրերին Իվանյանից (Խոջալուից) մեկնում է «Եղնիկներ»՝ Քյոխին օգնության։ Արեգասարի կամ ինչպես ասում են՝ «Չորրորդ պոստի» մոտ մարտի են բռնվում թշնամու մեծաքանակ զորքի հետ։ Չենթարկվելով նահանջ հրամանին, Առուշանյան Դավիթն իր անձնակազմով խոցում է թշնամական 4-ից ավել զրահատեխնիկա ու պատճառում մեծ քանակությամբ կենդանի ուժի կորուստներ։ Թշնամու կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո Դավիթը դուրս է գալիս խոցված БМП-ից, մտնում այլ БМП և մարտը շարունակում մինչև վերջին արկը: 2-րդ БМП-ի զինամթերքը սպառվելուց հետո վիրավոր վիճակում նա չի լքում ռազմի դաշտը, այլ մտնում է 3-րդ БМП-ն և քաջաբար շարունակում մարտը մինչև վերջին շունչը… Առուշանյան Դավիթ Նիկոլայի, Գևորգյան Արտյոմ Արմենի, Ասատրյան Հովիկ Հովհաննեսի, Չոբանյան Արեն Ավագի։ Սա այն անձնակազմի հերոսների անուններն են, ովքեր այդ օրը կանխեցին թշնամու առաջխաղացումը։ Այս հայորդիների հերոսական սխրանքի մասին մարդիկ հարյուրամյակներով լեգենդներ են հյուսելու, իսկ մայոր Դավիթ Առուշանյանը դառնալու է այն հայ սպան, ում օրինակով դաստիարակվելու են ապագա սերունդները։ Ամեն անգամ, երբ ձեզ կպատմեն, թե ինչպես էին որոշ վախկոտ սպաներ փախչում մարտի դաշտից, պատմեք նրանց մայոր Առուշանյանի պատմությունը։ Ցույց տվեք նրանց այս նկարն ու այս հայացքը։ Հենց այս հայացքով են թուրքի մաման լացացրել հայ սպաներն ու զինվորները։ Հենց սա է հայ սպայի ու զինվորի իրական կերպարը։ Դավիթը 31 տարեկան էր։ հ.գ. նկարը պատերազմի օրերին նկարել էր Սեմյոն Պեգովը