shant.jpg
07/Օգս/2021

Այս վերջին պատերազմից հետո երբ առաջին անգամ տեսա Եռաբլուրը, առաջինը, ինչը գրավեց ուշադրությունս, մի շիրիմ էր, որի մոտ փափուկ արջուկ էր դրած, իսկ քարի կողքը մի բացիկ, որտեղ փոքրիկ քույրը նամակ էր գրել, թե որքան է հպարտանում իր զինվոր եղբորով և ինչ անհամբեր է սպասում նրա վերադարձին… Նավոյան Շանթի շիրիմն էր… 2001 թ. դեկտեմբերի 14-ին էր ծնվել Շանթը։ Կապանում էր ծառայում։ Հրետանավոր էր։ Պատերազմի օրերին կռիվ էր մղել Ջրականում։ Հոկտեմբերի 10-ին, երբ առաջին անգամ հրшդшդшր հայտարարվեց, բայց թշնամին այդպես էլ այն չպահեց, անօդաչուի հարվածից զոհվեց Շանթը՝ իր 8 ընկերների հետ միասին… Մինչ այդ մի քանի անգամ նա խուսափել էր մահից ու դրանցից մեկի մասին գրառում արել նոթատետրում. «… պայթյունը մի պահ խլեցրել էր։ Ինձ գցեցի գետնին և սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ բոլորը լավ են։ Չորսն էլ լավ էին։ Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար։ Արկը ընկել էր ուղիղ վրան և փոշիացրել։ Հիմա դրա տեղում մուխ ու ծուխ էր բարձրանում։ Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել։ Քայլեցի թաքստոց, նստեցի հողին և սկսեցի դեմքիցս մաքրել քաղցր կարմիրը։ Իմ ուղղությամբ կրակող առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին»։ Դեռևս 16-17 տարեկան հասակում Շանթը գրել էր. «Երբ լույսը մեռնի, հանգիստ կսպասենք նրա ծնունդին խավարի միջից, մենք լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հանգենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի»։ Շանթն ու հազարավոր տղերք զոհվեցին, որպեսզի ցրեն խավարը։ Չհարցրեցին ինչից կամ ինչի, ուղղակի լույս էին՝ լույս դարձան։ Իսկ մենք արժանի չեղանք իրենց զոհողությանը։ Շանթ Նավոյանը 18 տարեկան էր։

herosner-1200x688.jpg
07/Օգս/2021

Որքան կարողացա փորձեցի գտնել զոհված տղերքի մանկության լուսանկարները։ Էս նկարներից շատերը 10-12 տարվա վաղեմության են, ծնողների համար՝ մի ակնթարթ։ Մեր համար իրենք հերոս տղերք են, ովքեր առանց վարանելու իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքի համար, իրենց ծնողների համար՝ նրանք հավերժ երեխա մնացին։ Երեկվա երեխաները սեփական կյանքի գնով ապահովեցին այսօրվա երեխաների խաղաղ ապագան։ Ամեն մեկն իր մահով լռեցրեց պատերազմը, ամեն մեկն իր զոհաբերությամբ փորձեց փրկել հայրենի հողի մի կտոր։ Երեկվա երեխաները սխրանքներ գործեցին, մենք արժանի չեղանք այդ զոհողությանը։

davit1-1.jpg
07/Օգս/2021

Պատմեմ ձեզ Երևանում ծնված ու մեծացած մի հայորդու մասին, ով այնքան սիրեց Արցախը, որ 20 տարեկանից որպես սպա ծառայության անցավ Արցախում և մինչև վերջին շունչը պաշտպանեց հող հայրենին։ Մայոր Դավիթ Առուշանյան։ Մայիսի 24-ից՝ Արցախի հերոս Դավիթ Նիկոլայի Առուշանյան։ Նրա հերոսական պատմության մասին պատերազմի օրերին լսել եք բոլորդ։ Հակիրճ ներկայացնեմ, իսկ առավել մանրամասն՝ ռեպորտաժում։ (կտեղադրեմ մեկնաբանություններում)։ Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Առուշանյանը պատերազմի առաջին օրերին Իվանյանից (Խոջալուից) մեկնում է «Եղնիկներ»՝ Քյոխին օգնության։ Արեգասարի կամ ինչպես ասում են՝ «Չորրորդ պոստի» մոտ մարտի են բռնվում թշնամու մեծաքանակ զորքի հետ։ Չենթարկվելով նահանջ հրամանին, Առուշանյան Դավիթն իր անձնակազմով խոցում է թշնամական 4-ից ավել զրահատեխնիկա ու պատճառում մեծ քանակությամբ կենդանի ուժի կորուստներ։ Թշնամու կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո Դավիթը դուրս է գալիս խոցված БМП-ից, մտնում այլ БМП և մարտը շարունակում մինչև վերջին արկը: 2-րդ БМП-ի զինամթերքը սպառվելուց հետո վիրավոր վիճակում նա չի լքում ռազմի դաշտը, այլ մտնում է 3-րդ БМП-ն և քաջաբար շարունակում մարտը մինչև վերջին շունչը… Առուշանյան Դավիթ Նիկոլայի, Գևորգյան Արտյոմ Արմենի, Ասատրյան Հովիկ Հովհաննեսի, Չոբանյան Արեն Ավագի։ Սա այն անձնակազմի հերոսների անուններն են, ովքեր այդ օրը կանխեցին թշնամու առաջխաղացումը։ Այս հայորդիների հերոսական սխրանքի մասին մարդիկ հարյուրամյակներով լեգենդներ են հյուսելու, իսկ մայոր Դավիթ Առուշանյանը դառնալու է այն հայ սպան, ում օրինակով դաստիարակվելու են ապագա սերունդները։ Ամեն անգամ, երբ ձեզ կպատմեն, թե ինչպես էին որոշ վախկոտ սպաներ փախչում մարտի դաշտից, պատմեք նրանց մայոր Առուշանյանի պատմությունը։ Ցույց տվեք նրանց այս նկարն ու այս հայացքը։ Հենց այս հայացքով են թուրքի մաման լացացրել հայ սպաներն ու զինվորները։ Հենց սա է հայ սպայի ու զինվորի իրական կերպարը։ Դավիթը 31 տարեկան էր։ հ.գ. նկարը պատերազմի օրերին նկարել էր Սեմյոն Պեգովը

david.jpg
07/Օգս/2021

13-14 տարեկանում Դավիթ Յակովլևն արդեն Թումոյի ռոբոտաշինության դասընթացի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր: Մինչ դպրոցն ավարտելը հասցրել էր հաջողությամբ ավարտել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հատուկ դասընթացը, որտեղ միակ դեռահասն էր։ 2019 թվականին Դավիթը բարձր առաջադիմությամբ ավարտում է ֆիզմաթ դպրոցն ու մաթեմատիկայից ամենաբարձր միավորներ հավաքելով՝ ընդունվում Հայաստանի Ամերիկյան համալսարան։ Բայց ինքնուրույն որոշում է, որ ՏՏ մասնագետի համար ավելի ճիշտ է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորելը, որից հետո կրթությունը կկարողանա շարունակել աշխարհի լավագույն բուհերից մեկում, ապա կվերադառնա հայրենիք։ Հունիսին Դավիթն ընդունվում է ԵՊՀ, իսկ հուլիսին՝ զորակոչվում բանակ։ Պատերազմի օրերին Մարտունիում՝ Շեխերում, հայկական կողմը պատրաստվում էր խիստ գաղտնի հատուկ գործողության։ Դավիթը գիտեր այդ մասին և որոշում է կամավոր ինքն էլ մասնակցել։ Ընկերը խնդրում է չգնալ։ Դավիթն ասում է․ «Գիտեմ, որ էնտեղ լավ հաշվարկի կարիք կա։ Ես տղաներին էնտեղ շատ եմ պետք…»։ Հոկտեմբերի 19-ից Շեխերում էր։ Նրա մաթեմատիկական փայլուն գիտելիքների ու ճշգրիտ հաշվարկների շնորհիվ թշնամու թիրախներն անվրեպ խոցվում էին։ Թուրքերի կողմից դա աննկատ չի մնում։ Հոկտեմբերի 26-ին Դավիթն իր 11 ընկերների ու հրամանատարի հետ զոհվում է սմերչի հարվածից՝ բունկերում։ Հունիսի 18-ին Դավիթի ծննդյան օրն էր։ Նա կդառնար 20 տարեկան… Հիշատակդ վառ, Դավիթ ջան։

artashes.jpg
01/Փտր/2021

Արտաշեսի մասին շատերը գիտեն: Նա բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 19-ին։ 2 ամսվա զինծառայող էր Արտաշես Մարտիրոսյանը երբ սկսվեց պատերազմը։ Քաջարանցի էս տղեն զոհվեց իր ծառայության 100-րդ օրը։ Ընդամենը 3 ամիս ծառայելով բանակում, նա շատերից լավ էր տիրապետում իր Դ-20 հրանոթին, շատերից ավելի քաջ էր ու անվախ և այդպես էլ զոհվեց՝ մարտական առաջադրանքը կատարելիս։ Թվաքանակով ու ռեսուրսներով մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամուն այնքան էր սարսափեցրել Արտաշեսի պես նորակոչիկը, որ նրան միանգամից 2 աթս-ով էին թիրախավորել, որ հանկարծ ողջ չմնար… Երբ ուժեղները թույլ դուրս եկան, երբ խիզախները դողացին, ուժեղ իրենց ցույց տվին թույլերը։ Երբ որոշ փորձառու սպաներ ու զինվորներ փախան մարտի դաշտից, Արտաշեսն ու իր պես հարյուրավոր նորակոչիկներ մռնչալով կռիվ էին տալիս թուրքի դեմ։ Նրանք ապրեցին 18 տարի, բանակում ծառայեցին ընդամենը մի քանի ամիս, բայց այնպես հերոսաբար դրսևորեց իրենց, որ դեռ տասնամյակներով խոսվելու է նրանց գործած սխրանքների մասին։ Նրանք մեզ պատգամ թողեցին. այնպես սիրել հող հայրենին որ սեփական կյանքդ անգամ չխնայես այն պաշտպանելու համար։ Արտաշեսը 18 տարեկան էր…